Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն արմատապես զբաղվել իրենց առողջությամբ և, օրինակ, վերջապես անել անհրաժեշտ վիրահատությունը: 

Ճի՞շտ է, արդյոք, նման որոշումը: Արժե՞ լուրջ բուժումը պլանավորել ամռանը:

Լուրջ վիրահատություններ

Ամառը լուրջ վիրահատությունների համար ամենահարմար ժամանակը չէ, հատկապես, եթե դրանք ենթադրում են մեծ կտրվածքներ և կարեր: Իհարկե, ամռանը վիրահատությունները հակացուցված չեն: Եվ, եթե անհետաձգելի իրավիճակ է առաջացել, օրինակ՝ սուր ապենդիցիտ, վիրահատությունն ուղղակի անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է պլանային բուժմանը, ապա ցանկալի է այն տեղափոխել աշուն:  

Բանն այն է, որ ամռանը՝ շոգ եղանակին, զգալիորեն աճում է վիրահատական վերքի մեջ վարակի ներթափանցման ռիսկը: Մանրէներն իրենց հրաշալի են զգում բարձր ջերմաստիճանում և ակտիվորեն բազմանում են կարերի մեջ: Այստեղ դրանք նաև սննդային միջավայր են ստանում ՝ մեծ քանակությամբ քրտինք:  Եվ, եթե նույնիսկ ամառը ցրտոտ է, չենք կարող վստահ լինել, որ հետվիրահատական շրջանում ջերմաստիճանը չի բարձրանա մինչև 300C:   

Բացի այդ, շոգը դժվար տանելի է նույնիսկ առողջ օրգանիզմի կողմից, իսկ վիրահատությունից հետո թուլացած օրգանիզմի համար այն կրկնակի ծանր է:

Համապատասխանաբար, վերքը ևս ուշ կապաքինվի և վերականգնումը դանդաղ կընթանա:

Ամռանը վիրահատության պլանավորումը հատկապես վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են սիրտ-անոթային ախտաբանություններով:

Նրանց մոտ առաջանում է սրտային անբավարարության, զարկերակային ճնշման բարձրացման իրական սպառնալիք:

Այս ամենը հաստատվում է վիճակագրությամբ. ԱՄՆ գիտնականները պարզել են, որ վիրահատական վերքերի վարակման հետ կապված բարդություններն ամռանը մեկ երրորդով ավելի հաճախ են հանդիպում, քան` ձմռանը:

Մաշկի վիրահատություններ

Խորհուրդ չի տրվում ամռանը մաշկի վիրահատություններ իրականացնել, հատկապես մարմնի բաց հատվածներում՝ անոթային աստղիկների, խալերի, պապիլոմաների կամ այլ նորագոյացությունների հեռացում: Այստեղ կարելի է դասել նաև երակների վարիկոզ լայնացման վիրահատական բուժումը՝ ֆլեբէկտոմիան, սկլերոզացումը, լազերային կոագուլյացիան: Պատճառը նույնն է, շոգին բարձր է վերքի վարակման և թարախակալման ռիսկը: Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ընկնելով մաշկի վրա՝ միջամտության տեղում, կարող են արտահայտված պիգմենտացիա առաջացնել: Արդյունքում` հեռացված խալի տեղում առաջանում է տգեղ մուգ բիծ:  

Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ վիրահատությունը հետաձգելը ռիսկային է:

 

  • խալի կտրուկ մեծացում, գույնի, ձևի, կառուցվածքի փոփոխություն,
  • խալի ցավոտություն,
  • խալը վնասված է և չի ապաքինվում:


 
Այս նշանների դեպքում պետք է շտապ գնալ բժշկի և եթե նա ցուցում տա, համաձայնվել վիրահատության՝ չնայած շոգին:

Պլաստիկ վիրահատություններ

Իհարկե, այն կարելի է իրականացնել նաև ամռանը, սակայն այդ դեպքում բոլոր տաք օրերը ստիպված եք անցկացնել փակի տակ՝ թաքնվելով արևից: Ի վերջո, ո՞ր պլաստիկ վիրահատություններն են ամենահաճախն իրականացվում. դեմքի ձգում, քթի պլաստիկա, կրծքերի մեծացում: Մարմնի այս բոլոր մասերն ամռանն ընկնում են արևային ճառագայթման տակ, ինչը վիրահատությունից հետո պետք է ընդհանրապես բացառել, հակառակ դեպքում հնարավոր է բարդությունների զարգացում:  Այդ պատճառով ստիպված եք ամբողջ վերականգնողական շրջանն (իսկ այն կարող է մի քանի ամիս տևել) անցկացնել տանը:

Վարակման ռիսկն ամռանը, ինչպես արդեն ասվել է, աճում է, այդ պատճառով այդ շրջանում էսթետիկ վիրաբուժության այլ միջոցառումները ևս ցանկալի չեն, ինչպիսին է, օրինակ, որովայնի լիպոսակցիան:  

Կոսմետոլոգիական միջոցառումներ

Կոսմետոլոգները զգուշացնում են, որ ամռանը շատ միջոցառումներ անցանկալի են, նույնիսկ` վտանգավոր:  

Այնպիսի պարզ թվացող միջոցառումները, ինչպիսիք են դեմքի մաքրումը (մեխանիկական, քիմիական, գործիքային) և խորը պիլինգը, ամռանն արևի ազդեցության հետևանքով կարող են բերել մաշկի վարակման և թարախապալարների կամ ոչ էսթետիկ պիգմենտային բծերի առաջացման ու թեփոտման:

Նույնիսկ տանը պիլինգ պետք է անել հնարավորին հազվադեպ, որից հետո պետք է դեմքը պաշտպանել արևային ճառագայթներից:
Սպիտակեցնող միջոցառումներն ամռանը նույնպես արգելված են՝ պայմանավորված արևային այրվածք ստանալու և պիգմենտային բծեր առաջանալու ռիսկով:

Գործիքային կոսմետոլոգիան (լազերային երիտասարդացում, գործիքային լիֆտինգ և այլն) կարող են վնասել մաշկը: Հաջորդող արևի ազդեցությունը կարող է բերել տհաճ հետևանքների, ընդհուպ` այրվածքների առաջացման: Եթե, այնուամենայնիվ, որոշեք իրականացնել այդ միջոցառումները կամ միջամտությունները, ապա դրանցից հետո բացառեք արևի ազդեցությունը մշակված մաշկի վրա:

Ամռանը կանայք հաճախ պլանավորում են լազերային և ֆոտոէպիլյացիա: Պետք է հիշել, որ այդ միջոցառումներից հետո պետք է խուսափել արևի ճառագայթներից առնվազն երկու, ցանկալի է` երեք շաբաթ:

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս մաշկի բոլոր ակտիվ միջամտությունները պլանավորել այնպես, որ դրանք ավարտվեն շոգերն սկսելուց առնվազն 2-3 շաբաթ առաջ: Իսկ արտաքինի բարելավումը վերսկսել աշնանը:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ